Онлайн

Հայաստանի Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը

2019-07-19 18:41 , Культура, Шоу бизнес, 126

Հայաստանի Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկում, հուլիսի 19-ին ազդարարեց գործունեության մեկնարկը:

Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում` նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծելու տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

«Հուսամ`այս կենտրոնը մեծ նպաստ կբերի մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու փրկությանը: Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է տարիներ առաջ, իսկ հիմա անհրաժեշտ է գործնական քայլերի դիմել», - կենտրոնի գործունեության մեկնարկն ազդարարող հանդիսավոր բացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին նախանձախնդրության, Հայաստանի հանդեպ սիրո համար: «Վստահ եմ, որ իտալական դպրոցը մեծ օգտակարություն կունենա մեզ համար»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

Դեսպանն առաջին հերթին ընդգծեց, որ սա տարածաշրջանային կենտրոն է, որը կստեղծի համագործակցություն երկու երկրների միջև: «Կենտրոնի ջանքերով վերականգնվելու են պատմամշակութային կոթողները, ինչը կարող է բերել երկրում զբոսաշրջության զարգացմանը, դա էլ կարող է տնտեսական աճի հանգեցնել: Գիտության, արվեստի, զբոսաշրջության ու տնտեսության շնորհիվ ստեղծվելու են նոր աշխատատեղեր, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության կարևոր մասն է», - շեշտեց Վինչենցո դել Մոնակոն:

Դեսպանը խոստովանեց, որ, հայկական մշակույթն էլ է իրենը համարում: «Բոլոր մշակութային կոթողները, որոնք արժեք ունեն ամբողջ աշխարհում, պատկանում են համայն մարդկությանը: Մեզանից շատերը հաջողակ են, քանի որ անձամբ տեսել են բազմաթիվ արժեքավոր կոթողներ: Կաշխատենք, որ բոլորը ճանաչեն դրանք և, ինչու չէ, նաև տեսնեն»,-եզրափակեց նա:

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում` Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների նախագահների մասնակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть