Իջևանի դեպքերով 13 անձ ձերբակալվել է, 11 անձ որոնվում է - RadioVan.fm

Онлайн

Իջևանի դեպքերով 13 անձ ձերբակալվել է, 11 անձ որոնվում է

2019-07-19 12:28 , Право, 1478

Իջևանի դեպքերով 13 անձ ձերբակալվել է, 11 անձ որոնվում է

ՀՀ ՔԿ Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5 անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի ուշ երեկոյան Իջևանում այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ բողոքելով ապօրինի ծառահատումների արգելքի դեմ՝ բախումներ են սկսվել հասարակական կարգը պահպանող ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը:

Դեպքի առթիվ խուլիգանության և պաշտոնատար անձանձ օրինական պահանջին չենթարկվելու ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Կոմպրոմիս ապօրինի գործունեության հետ չի լինելու»։

Лента

Рекомендуем посмотреть