Երեկ ուշ երեկոյան Իջևանում իրավիճակը լարված է եղել։ Այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ՝ բախումներ են սկսվել ճանապարհը բացելու պահանջով դեպքի վայր ժամանած ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Մանավորապես, ըստ քննչական կոմիտեի, «բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն»:
Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 12 ոստիկան և 2 քաղաքացի։
Դեպքի առթիվ խուլիգանության և պաշտոնատար անձանց օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
«Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը