Բորիս Մուրազին 1 միլիոն դրամ պետք է վճարի Տիգրան Ավինյանին՝ մարիխուանան նրա անվան հետ կապելու պատճառով - RadioVan.fm

Онлайн

Բորիս Մուրազին 1 միլիոն դրամ պետք է վճարի Տիգրան Ավինյանին՝ մարիխուանան նրա անվան հետ կապելու պատճառով

2019-07-15 17:34 , Право, 2171

Բորիս Մուրազին 1 միլիոն դրամ պետք է վճարի Տիգրան Ավինյանին՝ մարիխուանան նրա անվան հետ կապելու պատճառով

«Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվամիջոցի (Politik.am) խմբագիր Բորիս Մուրազին 1 միլիոն դրամ պետք է վճարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ կայքում հրապարակված երկու՝ «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» և «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածների պատճառով։

Տիգրան Ավինյանն ընդդեմ խմբագրի հայց էր ներկայացրել Քաղաքացիական դատարան՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ` դատավոր Գ.Բալյանի, հուլիսի 3-ին հրապարակված վճռով խմբագիր Բորիս Մուրազիին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել արատավորող տեղեկությունները: Իսկ գումարային պահանջը դատարանը մասնակի է բավարարել. Ավինյանը ներկայացված հայցով պահանջել էր 2 մլն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, սակայն որպես զրպարտության համար փոխհատուցում՝ Մուրազիից կբռնագանձվի 1 միլիոն ՀՀ դրամ:

Նշենք՝ «Պոլիտիկ»-ը 2018թ. հոկտեմբերիի 26-ին հրապարակած «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդվածում, մասնավորապես, գրել էր․ «Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։

Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։

Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել: Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում:

Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան: Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի և հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «Չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ»:

Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018թ. հոկտեմբերի 27-ին «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված էր հրապարակել հետևյալ բովանդակությամբ. «Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:

Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց. «Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:

Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:

Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»:

Դատարանի վճռով՝ Բորիս Մուրազին պարտավորվում է հերքել վերը նշված հոդվածներում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть