ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) և Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 20:30-ին, հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:
Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 300 սաներից կազմված նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համերգային հետաքրքիր ծրագրով:
Սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
ՀՀ Ազգային ժողովից ընդգծում են՝ համերգի, որը նվիրվում է Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին, մուտքը ազատ է։
«Սիրով սպասում ենք Ձեզ»,-ասված է ՀՀ ԱԺ լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում։