Երևանի քաղաքապետարանը շենքերի համատիրությունների դիմումների հիման վրա սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը:
Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանի խոսքով՝ պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ, որոնցում գովազդային միջոցները նախատեսված չեն եղել:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները:
Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները:
«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը:
Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:
Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաև համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու: