Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և կանխել է դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք:
Ըստ տարածած հաղորդագրության՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը Հայաստանի քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար Վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար:
«Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է», - ասված է հաղորդագրությունում:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:
«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ»,-հայտնում են ԱԱԾ-ից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: