«Չէ, սա ոչ աղետի գոտում է, ոչ էլ՝ Արցախում, այլ ՝ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Արագած գիտական կենտրոնի ներսում : Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես ՝ ո՞վքեր են այս ամենի հեղինակները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՆՌԱՆԵ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Կորյունը։
«Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի վերաբերյալ: Ես՝ ինքս, Հերունու աստղադիտակի մասին դեռևս 4 տարի առաջ եմ իմացել և վերջապես հնարավորություն ընձեռվեց այն մոտիկից տեսնել:
Իսկ գիտնականը՝ Պարիս Հերունին, այն կառուցելու թույլտվությունը ստանալու համար 17 տարի պայքար է մղել, քանի որ Կենտկոմը հեռադիտակը ցանկանում էր Ղրիմում կառուցել: Հերունու աստղադիտակի կառուցումը 1980 թ. է սկսվել, շահագործման է հանձնվել 1987 թ.: Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ գիտական կենտրոնն աշխատել է մինչև 2000-ական թթ, որից հետո ֆինանսների բացակայության պատճառով դադարեցրել է գործունեությունը:Եվ հիմա գիտական կենտրոնն այնպիսին է, ինչպիսին տեսնում եք լուսանկարներում...»,-եզրափակել է գրառումը Անահիտ Կորյունը։
Ի դեպ՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ։
Քննարկման ընթացքում «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար Արևիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ՝ կենտրոնի վերաբերյալ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի` Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում գործող Արագածի գիտական կենտրոնն իր բոլոր ակտիվներով փոխանցվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու և գիտաարտադրական, կրթական նշանակության էկոհամակարգ ձևավորելու նպատակով: Կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծավալելու է հետազոտական և կիրառական մի շարք աշխատանքներ:
«Երկար տարիներ է, ինչ ձեռնարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի ստեղծման և ՌՕԴ-54/2.6 դիտակի վերագործարկման նախագիծ: Ակտիվ քննարկումներ են անցկացվել թե՛ կառավարության, թե՛ ոլորտի հայտնի գիտնականների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Չափագիտության ազգային ինստիտուտի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի խոսքով՝ համապատասխան որոշումից հետո ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նրա համոզմամբ՝ առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև դիտակի գործարկման հնարավորություններին, տեխնիկական պահանջներին վերաբերող հարցերը»,-քննարկումից մանրամասներ էր հաղորդել ԱԺ լրատվության վարչությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը