Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կիրակի՝ հուլիսի 7-ին, Վրաստանում հայկական մեքենայի վթարի դեպքին՝ ընդգծելով, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան։
«Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի դրանից, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրավորներին ապաքինում եմ մաղթում, իսկ զոհերի հարազատներին՝ համբերություն։
Արդեն 3 օր է՝ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է վիրավորների և զոհերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը, և այդ ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ արձագանքներ (նաև վրացիներից), որոնք մի պահ շարժեցին հպարտությունս։ Արձագանքողներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը սրտացավությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր քաղաքացիներին։
Եվ, իրոք, այսօր հասել ենք մի կետի, երբ 1 օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորների և 3 զոհերի՝ Հայաստան տեղափոխումը, Հայաստանից ժամանած ուղղաթիռն այսօր առավոտյան տեղափոխեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, իսկ վերջին տուժածի տեղափոխման համար էլ սպասում ենք բժիշկների թույլտվությանը»,-գրել է դեսպանը՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և հիանալի համագործակցության համար իր խորին շնորհակալությունը հայտնելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանին, «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարությանը և բժիշկներին, որոնց հսկողության ներքո ծայրահեղ ծանր հիվանդը տեղափոխվեց Հայաստան: Դեսպանը երախտագիտություն է հայտնել նաև վրացական կողմին՝ ցուցաբերած օժանդակության համար։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքից հետո հաղորդեց, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նախատեսվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին, որոնց առողջական վիճակը գնահատվել էր միջին ծանրության, վրացական շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխեն սահման՝ հայկական կողմի շտապօգնության ավտոմեքենաներով համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխելու նպատակով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը