Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց:
Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար:
«Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության:
Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեկան գործի շրջանակում քննություն է տարվում։
«Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:
Վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման, որի արդյունքում պարզվել է, որ արական սեռի դին հանդիսանում է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962 թվականին, իգական սեռի դիերը հանդիսանում են Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1965թ. և 2003թ, Սուրենավան գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1996թ., 1999թ., մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Պարզվել են նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Սուրենավան գյուղի երեք բնակիչներ՝ ծնված 1984թ., 1991թ. և 2007թ., Երասխ գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 2004թ., և մեկԱրարատ քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1977 և 2006թթ.: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչ վերաբերում է մյուս տրանսպորտային միջոցներում դեպքի պահին գտնված անձանց, տեղեկացնում ենք, որ տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում տուժել են «Տոյոտա Հիլուքս»մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, ինչպես նաև՝ երեք ուղևորները՝ Երևան քաղաքի 1953թ. ծնված բնակիչը և Վայք քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 2011 և 1973թթ.:
«ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի՝ 1998թ. ծնված վարորդի ու վերջինիս ուղևորը՝ծնված 1996թ., վնասվածքներ չեն ստացել:
Վթարի ենթարկված երեք ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագինդեպքիպահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «ՏոյոտաՀիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական և դատաավտոտեխնիկականհամալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,-մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից։: