«Հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները»․ Փաշինյանը՝ Սահմանադրության օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

«Հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները»․ Փաշինյանը՝ Սահմանադրության օրվա առթիվ

2019-07-05 13:20 , Общество, 1366

«Հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները»․ Փաշինյանը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Այսօր ՀՀ սահմանադրության՝ երկրի Մայր օրենքի օրն է։

1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու բնույթը, հռչակեց քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

Հայաստանի Սահմնադրությունն ընդունման օրից ի վեր երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին:

2015-ի փոփոխություններով՝ Հայաստանը անցում կատարեց կիսանախագահականից խորհրդարական կառավարման Հանրապետության։

1995-ին Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը ներառվեց պետական տոների ցուցակում՝ դառնալով ոչ աշխատանքային օր։

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:

Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները»։

Հայաստանի վարչապետը քաղաքացիներին մաղթել է խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։

Лента

Рекомендуем посмотреть