Հայաստանը՝ հանձին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանի, արժանացել է «Օպտիկայի պաշտպան» (Advocate of Optics) կոչմանը, որին մինչ այս արժանացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Իտալիայիներկայացուցիչներ, որոնց թվում են ԱՄՆ սենատորներ և կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիր Ստիվեն Չուն և այլք:
Հայազգի մասնագետին OSA-ի՝ Օպտիկական ընկերության տնօրենների խորհրդի կողմից «Օպտիկայի պաշտպան» կոչումը շնորհվել է Հայաստանի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրոպական հետազոտական տարածք ինտեգրմանն ուղղված ջանքերի, լույսի մասին գիտության առաջմղման համար:
«Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա օպտիկայի և ֆոտոնիկայի հետազոտական բնագավառներում կարևոր համագործակցությունը՝ Եվրոպական միության և Եվրոպական հանձնաժողովի ստեղծած ծրագրերի միջոցով»,-նշել է OSA-ի նախագահ Ուրսուլա Գիբսոնը։
Այդ մասին տեղեկանում ենք «Տեսակետ»-ից։
Նշվում է, որ «Օպտիկայի պաշտպան» կոչումը շնորհվում է 2006 թվականից։ Դրան արժանանում է որևէ երկրի քաղաքական, հասարակական կամ այլ ոլորտի այն ներկայացուցչին, հանրային այն պաշտոնյային, որն իր գործունեությամբ ինչպես իր երկրում, այնպես էլ՝ աշխարհում նպաստել է օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանն ու առաջընթացին: