«Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր»․ Փաշինյանը՝ քաղավիացիայի զարգացման հեռանկարով - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր»․ Փաշինյանը՝ քաղավիացիայի զարգացման հեռանկարով

2019-07-03 17:54 , Общество, 1212

«Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր»․ Փաշինյանը՝ քաղավիացիայի զարգացման հեռանկարով

«Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ և կարողանան մրցակցել իրար հետ և միջազգային իրենց մրցակիցների հետ: Դա մեզ համար աներկբա է: Մենք պետք է հաշվարկված, մտածված և հետևողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը»,-այդ մասին այսօր քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագծի շուրջ կառավարությունում հրավիրված խորհրդակցությանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է և բոլորի նպատակը և ցանկությունը՝ ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է:

«Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը միաժամանակ շեշտել է, որ առաջնահերթ խնդիրը քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը չխաթարելը պետք է լինի և համոզվածությունը, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը, ըստ վարչապետի, հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:

«Սա պետք է խոստովանել»,-բարձրաձայնել է Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть