Կադաստրի փաստաթղթերում կնիքի առկայության պահանջը վեարնում է․ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիշեցնենք՝ նախագիծը մայիսի 30-ին հավանության էր արժանացել կառավարության նիստում։ Հարցը զեկուցելիս Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ընդգծել էր, որ կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը։
«Կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմում և առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը: Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,-նշվում էր նախագծի հիմնավորման մեջ: