ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին, որը, հիշեցնենք, ընթանում է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից՝
Հուշամեդալը արծաթից է՝ մասամբ ոսկեզօծ ձևավորմամբ: Դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնին և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը՝ այն է՝ 24-26 հունիսի, 2016 թ.: Հուշամեդալի դարձերեսին՝ մեջտեղի հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում, ձախ և աջ կողմերում, համապատասխանաբար, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:
Պատմամշակութային արժեք հանդիսացող այս հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է՝ թողարկվել է 300 օրինակով: