«Ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»,-այդ մասին ասել է աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նա կարևորելով մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում՝ նշել է. «Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։
Նախագահի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդմամբ՝ Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։ «Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա։․․․Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ»,-ասել է նախագահը։
Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»»:
Նշենք՝ նախագահ Սարգսյանի հանդիպումը շվեյցարական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: Նա ընդգծել է, որ մանրամասն ծանոթացել է նախագահ Սարգսյանի՝ Financial Times-ում հրապարակված հարցազրույցին և համոզված է, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։ Սուբիլիայի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է լսելու նրան և խոսելու երկու երկրների հնարավորությունների և համագործակցության հեռանկարների շուրջ։ «Ժնևում զգացեք Ձեզ ինչպես տանը։ Դուք գիտնական եք, և այժմ գտնվում եք համացանցի հայրենիքում, Դուք նաև տաղանդավոր դիվանագետ եք, իսկ Ժնևը համաշխարհային կառավարման կենտրոնն է։ Ես հավատացած եմ, որ այս երկու գործոնների համար Դուք կարող եք Ժնևը կոչել ձեր տունը»,-ասել է առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը։