Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:
«Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:
«Հպարտության և պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարևոր խորհուրդ ունի իր մեջ»,- ասաց Աղասյանը:
Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը վառվեց Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։
Օգոստոսի 6-ն՝ խաղերի բացման օրը, Ստեփանակերտում երեք ջահերով կվառվի հիմնականը։ Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»: