Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է մտածել ՌԴ քաղաքացիություն ստացող անձանց համար երդման արարողություն սահմանելու մասին:
«Մեր երկրում, երբ մարդիկ զորակոչվում են՝ երդվում են: Կարելի է դա կիրառել նաև մեր երկրի քաղաքացիություն ստացողների դեպքում: Կարելի է մտածել և վերցնել որոշ օտար պետությունների փորձը, որտեղ կա երդում, երդման արարողություն, այլ հանդիսավոր ակտ, որով մարդը հաստատում է երկրի քաղաքացի դառնալու, դրա օրենքներին, ավանդույթներին հետևելու, այդ ավանդույթները, պատմությունը հարգելու և այլնի մտադրությունը: Ես կառաջարկեի ձեզ այլ պատգամավորների հետ միասին մտածել այդ մասին»,-ասել է Պուտինը՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը:
Interfax.ru-ի փոխանցմամբ՝ Վյաչեսլավ Վոլոդինն էլ իր հերթին նշել է, որ հաշվի կառնվի միջազգային փորձը և ելնելով սեփական երկրի ավանդույթներից՝ նախագահին կներկայացվի երդման տեքստը. «ՌԴ քաղաքացիություն ստացող անձը, որը մեր երկրին հավատարիմ մնալու երդում կտա, պետք է գիտակցի իր որոշման պատասխանատվության աստիճանը»,-ընդգծել է Պետդումայի նախագահը: