ՄՌՏ տեսածրիչի գյուտարար հայազգի Ռայմոնդ Դամադյանին այսօր բժշկականի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել - RadioVan.fm

Онлайн

ՄՌՏ տեսածրիչի գյուտարար հայազգի Ռայմոնդ Դամադյանին այսօր բժշկականի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել

2019-06-17 18:19 , Наука, HiTech, 1868

ՄՌՏ տեսածրիչի գյուտարար հայազգի Ռայմոնդ Դամադյանին այսօր բժշկականի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել

Երևանի պետական բժշկական համալսարանն (ԵՊԲՀ) այսօր հյուրընկալել է Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով Հայաստանում գտնվող հայազգի անվանի բժիշկ, ֆիզիկոս և գյուտարար Ռայմոնդ Դամադյանին։ Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում մագնիսա-ռեզոնանսայինտոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծող Դամադյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։

Բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աշխարհահռչակ գյուտարարի հետ հանդիպումը մեկնարկել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնից, որտեղ նա ներկայացրել է իր կողմից ստեղծված սարքի կարևորությունը՝ մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ:

«Բժշկության մեջ ՄՌՏ-ն մեծ հեղաշրջում մտցրեց: Մասնավորապես պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդներն այսօր առավել ճշգրիտ ախտորոշում են ստանում»,-նշել է Ռայմոնդ Դամադյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բժշկության մեջ կարևորագույն հեղաշրջում կատարած անվանի գյուտարարի այցը համալսարան կարևորել է ինչպես բուհի, այնպես էլ ուսանողների համար: «Համալսարանի հաջողությունը, շարժիչ ուժն ուսանողությունն է: Տեսնելով իրենց հայրենակցին, ով կարողացել է նման հայտնագործություն անել՝ սովորողները պետք է լցվեն մեծ հավակնություններով ու ոգևորությամբ՝ ոչ թե կրկնօրինակելով, այլ գերազանցելով վերջինիս»,-նշել է ռեկտորն՝ ավելացնելով, որ ինովացիոն, պրպտուն միտքը տարիք չի ճանաչում, և այսօրվա հայ սերունդը ևս կարող է նոր հայտնագործությունների հեղինակ դառնալ:

«ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» Ռայմոնդ Դամադյանը ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։ Ռայմոնդ Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում։

ԵՊԲՀ-ն, հետևելով Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կոչին, նախատեսում է իր դիրքորոշումն ուղարկել Նոբելյան մրցանակի կոմիտեին, որպեսզի, չնայած ուշացումով, բայց մեր հայրենակիցը ստանա Նոբելյան մրցանակ՝ ՄՌՏ-ի հայտնագործման համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть