Նորաձևության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով Երևանում հունիսի 25-29-ը անցկացվելու է «Fashion Forum Yerevan» ամենամյա ծրագիրը: Նախաձեռնության շրջանակում հայ դիզայներները, ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպել միջազգային առաջատար մասնագետների հետ, մասնակցել կրթական ֆորումի` ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունիսի 25-ին «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում: Ներկայացվելու է «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ցուցադրվելու են հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է:
« «Fashion Forum Yerevan»-ը անցկացվում է երկրորդ անգամ: Այն ունի կրթելու, դիզայներների և ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակ»,- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում հունիսի 26-27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվելու է երկօրյա կրթական ֆորում, որին մասնակցելու է և իր փորձով հայ դիզայներների հետ կիսվելու է նորաձևության ոլորտի շուրջ 15 միջազգային փորձագետ: Կլինեն դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ:
Հունիսի 28-ին «5 concept» հայկական դիզայներական խանութ-սրահում հայ դիզայներները, որոնց թվում են Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և այլք, արտերկրից ժամանած գործընկերներին են ներկայացնելու իրենց հավաքածուները` ստեղծված հատուկ միջոցառման համար:
Հունիսի 29-ին հյուրերի հետ մշակութային շրջայց է իրականացվելու Տավուշի մարզում: Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն է ֆորումի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստների նմուշները:
«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը անդրադարձավ միջոցառման կրթական հատվածին և ասաց, որ փորձել են ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների Անգլիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից, որպեսզի տեղի դիզայներները նրանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, փորձի փոխանակման հարթակ ստեղծվի:
Մանուկյանն ընդգծեց, որ ֆորումի շրջանակում ընդգրկել են «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձևություն և քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» և այլ թեմաներ:
«Նմանատիպ միջոցառումներն անուղղակիորեն նպաստում են մեր երկրի ճանաչողությանը, մեզ վրա են հրավիրում ինչպես միջազգային մասնագետների, այնպես էլ նրանց հետևորդների ուշադրությունը: Հուսամ` այս նախաձեռնությունը շարունակական կլինի»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: