Մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից մեկն է. Արա Խզմալյան - RadioVan.fm

Онлайн

Մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից մեկն է. Արա Խզմալյան

2019-06-07 18:13 , Культура, Шоу бизнес, 1067

Մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից  մեկն է. Արա Խզմալյան

Թատերագետ Արա Խզմալյանը, ով հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ մշակութային ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման ու առաջընթացի գործում կարևորում է ստեղծարար մտքի առկայությունն ու մեկենասության ինստիտուտի զարգացումը: Այս մասին Խզմալյանն ասաց հունիսի լրագրողների հետ հանդիպմանը:

«Գոյություն ունեն մշակութային քաղաքականության, մշակութային ռազմավարության պարտադիր պայմաններ: Ըստ իս` մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից մեկն է, և մենք կարիք ունենք օգտագործելու մշակույթի այդ մեծ ներուժը հասարակական հակասությունները մեղմելու, հասարակական համերաշխությունը ձևավորելու տեսանկյունից:

Մշակույթը նաև արտաքին դիվանագիտության կարևոր օղակ է. մենք կարիք ունենք ուժեղացնելու մեր միջազգային համագործակցությունը, օգտագործելու մշակույթի տված հնարավորությունները ամբողջապես»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա շեշտեց, որ ոլորտում կան չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծումներին: «Մասնագիտական հանրությունն ամեն օր է ակնկալում դրանց լուծումները: Իմ նշանակման առաջին իսկ օրվանից հանդիպել եմ բոլոր կոնֆլիկտային իրավիճակների մասնակիցներին: Մենք խնդիր ունենք շատ արագ լուծելու բոլոր հարցերը»,-նշեց նա:

Խզմալյանն ընդգծեց, որ իր ներկայությունը նախարարության կազմում պատկերացնում է առավելապես ստեղծագործական հատվածում: «Մենք պետք է ստեղծագործական լիցքեր ուղղենք դեպի հասարակություն, պետք է շատ ուշադիր լինենք ստեղծարար մտքի, ստեղծարար նախաձեռնությունների և դրսևորումների հանդեպ, կարիք ունենք ձևավորելու կորպորատիվ մեկենասության, հովանավորչության ինստիտուտները, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում չափազանց կարևոր է մասնավոր օղակի մասնակցությունը մշակութային քաղաքականությանը, մշակութային ծրագրերի իրականացմանն ու բազմաթիվ այլ մասնագիտական ու սոցիալական հարցերին»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ այն մարդկանցից է եղել, ովքեր կողմ էին ՀՀ մշակույթի նախարարության միացմանը, քանի որ միշտ խնդիր է եղել մշակույթի և կրթության ծրագրերի քաղաքականությունների համադրման և ներդաշնակ առաջընթացի վերաբերյալ:

«Այժմ մենք հնարավորություն ունենք բոլոր այս հարցերը մեկ սեղանի շուրջ բոլոր կողմերի հետ ամենօրյա ռեժիմով քննարկելու, մշակելու և, կարծում եմ, որ այս պահի համար գոնե համատեղ աշխատանքի այս հնարավորությունը միայն օգտակար է», - եզրափակեց Արա Խզմալյանը:

Лента

Рекомендуем посмотреть