Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. ՀՀ օմբուդսմեն - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. ՀՀ օմբուդսմեն

2019-06-07 17:36 , Право, 1449

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. ՀՀ օմբուդսմեն

Քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։

«Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին հունիսի 3-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, պաշտպանական կողմի պնդմամբ՝ ի հակառակ Գրիգորյանի կամքի։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ահազանգում էր իր պաշտպանյալի կյանքին սպառնացող վտանգի մասին։ Հունիսի 5-ին՝ ուշ երեկոյան, Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պայմաններում, նրան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում «Դատապարտյալների հիվանդանոց»-ից կրկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանը խոշտանգման է ենթարկվում, քանի որ խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքի իրացմանը։

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, ինչպես նաև հափշտակություններ կատարելու մեջ։ Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ից կրկին կալանքի տակ է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть