Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մասնակի բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։
Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Քոչարյանի պաշտպանական թիմից հայտնում են, որ Դատարանը, միաժամանակ, որոշել է՝ «Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելուն, վարույթ իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել»։
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանքը դրվել է 2018-ի հուլիսից՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, մինչդեռ, Քոչարյանի պաշտպանական խմբի համոզմամբ՝ քննիչի որոշումը անօրինական է։
Ավելի վաղ էլ նախաքննական մարմնի որոշմամբ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքների պաշտպանի միջամտությամբ հանվել էր: