Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Այդ մասին տեղեկություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմը։
Նշենք՝ խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովիքրգործի նյութերի մասին է։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում:
Ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:
Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»,-պարզաբանում են ՍԴ աշխատակազմից:
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ին որոշմամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց․ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորմամբ՝ Քոչարյանն ազատ արձակվեց։
Մայիսի 20-ին հայտարարվեց գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը