Онлайн

Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարսգսյանը Ալմաթիում շեշտել է

2019-05-23 16:25 , Политика, 228

Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարսգսյանը Ալմաթիում շեշտել է

«Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ և սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, և ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, և միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի և Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»»,-այդ մասին այսօր Ալմաթիում, Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում անցկացված «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չի հավատում այդ եզրույթին:

«Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ՝ Մետաքսի ճանապարհից ու դրանից էլ առաջ: Աշխարհն այդ ժամանակ արդեն իսկ գլոբալիզացվել էր և գլոբալիզացիայի տարբերակներն այլ էին: Այսօր գլոբալիզացիան շարունակվում է»,- ասել է նա՝ համաձայնելով քննարկման մասնակիցների հետ, որ գլոբալիզացիայի գործընթացում դժվարություններ կան տարբեր մակարդակներում, և այսօրվա կարևորագույն հարցը վերաբերում է այդ գործընթացը կառավարելուն:

«Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, և կարծում եմ, որ մենք կլինենք այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչպես ադապտացվել: Ժողովուրդ, որը պատմության ընթացքում անցել է հսկայական ողբերգությունների միջով և կյանքը սկսել է նորից: Սա կարևոր որակ է նոր աշխարհում, որտեղ ավելի քիչ են որոշակիություններն ու ավելի շատ են անորոշությունները»,-շեշտել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով՝ մասնակցելու Ալմաթիի Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Եվրասիական մեդիա ֆորումն արդեն ավելի քան 15 տարի կազմակերպվում է Ղազախստանում: Այն երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Ամեն տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների:

Նշենք, Ալմաթիում անցկացվող ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Лента

Рекомендуем посмотреть