Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստ է գնել գյումրեցի երեխայի նկարը, եթե ցուցահանդեսի կազմակերպիչը չդրժի պայմանավորվածությունը - RadioVan.fm

Онлайн

Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստ է գնել գյումրեցի երեխայի նկարը, եթե ցուցահանդեսի կազմակերպիչը չդրժի պայմանավորվածությունը  

2019-05-22 19:12 , Общество, 2746

Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստ է գնել գյումրեցի երեխայի նկարը, եթե ցուցահանդեսի կազմակերպիչը  չդրժի պայմանավորվածությունը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը խոստացել է գնել նկարներ ու մինչ օրս չի կատարել իր խոստումը․ պնդում է «Անտունի» հիմնադրամի նախագահ 73-ամյա Վասպուրական Դավթյանը, ով կառավարության շենքի առջև այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել՝պահանջելով հանդիպում Աննա Հակոբյանի հետ։

Նրա պնդմամբ՝ տիկին Հակոբյանը վստահեցրել է, որ կգնի իր նախաձեռնությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսի նկարներից մի քանիսը, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի տրվել, իսկ հիմնադրամից էլ որևէ կերպ չեն արձագանքում՝ տալով խեղաթյուրված պատասխաններ։

Մասնագիտությամբ տնտեսագետ Վասպուրականը նշում է, որ մեկ տարի է՝ Մոսկվայից Հայաստան է եկել կազմակերպելու «Ֆրանկոֆոն երկրների հայերը՝ փախստական երեխաներին» բարեգործական ակցիան, որի շրջանակում կազմակերպվելու է Շիրակի մարզի նկարիչների և նկարչական դպրոցների աշակերտների գործերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթը ուղղվելու է նկարիչներին՝ փախստական երեխաներին ուսուցանելու նպատակով։

Պատկան մարմինները հավանության են արժանացրել Վասպուրական Դավթյանի նախաձեռնությունը և պատրաստ են աջակցել հնարավորինով, սակայն Դավթյանի խոսքով՝ ցուցահանդես վաճառքի մեկնարկը չի կարող տրվել, քանի դեռ տիկին Հակոբյանը չի կատարել իր տված խոստումը։

Բարձրաձայնված հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ռադիո Վանը»-ը հարցում է ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին՝ հետաքրքրվելով․

1.Եղե՞լ է արդյոք նման խոստում, ի՞նչ ձևաչափում է կայացել Աննա Հակոբյանի և Վասպուրական Դավթյանի հանդիպումը։

2.Նկարներ ուղարկվե՞լ են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին (պրն Դավթյանը պնդում է, որ ուղարկվել են և տիկին Հակոբյանը դրանցից որոշներին հավանություն է տվել՝ գնման նպատակով)։

3.Պատրա՞ստ է արդյոք տիկին Հակոբյանն ընդունել Վասպուրական Դավթյանին, կամ գնել որևէ նկար։

4.Ի՞նչ քայլ կձեռնարկի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, եթե Վասպուրական Դավթյանը շարունակի հացադուլը կառավարության շենքի առջև։

Ի պատասխան՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից մանրամասնում են․

«Վասպուրական Դավթյանը դիմել էր տիկին Աննա Հակոբյանին և«Իմ քայլը» հիմնադրամին՝ առաջարկելով ֆինանսավորել 25 մլն դրամ բյուջեով իր ծրագիրը, որի նպատակն էր օժանդակել մանկատան և փախստական երեխաներին՝ նկարիչների ներգրավմամբ երեխաների նկարների ստեղծման և ԵԱՏՄ երկրներում և Ֆրանկոֆոնիայի երկրներում բարեգործական վաճառքի միջոցով։

«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվել է ծրագրի գնահատում և հաշվի առնելով Հիմնադրամի որդեգրած ռազմավարական առաջնահերթությունները, ներկայացված ծրագրի բյուջեն, իրականացման իրատեսականությունը, և հատկապես այն փաստը, որ համաձայն ներկայացված տվյալների դիմող կազմակերպությունը չունի մարդկային ռեսուրսներ (բացի հիմադիր տնօրենից) և նախկինում չի իրականացրել որևէ ծրագիր՝ հիմնադրամը մերժել է ներկայացված դիմումը։

Մերժումից հետո պարոն Դավթյանը շարունակել է այցելել հիմնադրամ և զանգահարել հիմնադրամի աշխատակիցներին՝ նշելով, որ իր համար անընդունելի է մերժումը, և պահանջել հանդիպում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ։ Հարգելով պարոն Դավթյանի տարիքը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս նախորդ տարի, տիկին Հակոբյանն անձամբ էր հանդիպել նրան, տիկին Հակոբյանը համաձայնեց կրկին հանդիպել Վասպուրական Դավթյանին։

Հանդիպմանը պարոն Դավթյանը ներկայացրել է նոր առաջարկ, այն է՝ որ տիկին Աննա Հակոբյանը կամ «Իմ քայլը» հիմնադրամը գնեն գյումրեցի մեկ երեխայի և մեկ պրոֆեսիոնալ նկարչի գեղանկարչական աշխատանք՝ որպես աջակցություն «Իմ տունը» հիմնադրամի ծրագրերին, այն պայմանով, որ նկարչի աշխատանքի համար վճարված գումարի կեսը տրամադրվի նկարչին, մյուս կեսը՝ «Իմ տունը» հիմնադրամին, իսկ երեխայի նկարի համար նվիրաբերված ամբողջ գումարը փոխանցվի երեխայի անունով բացված հաշվեհամարին։

Հիմնադրամի կողմից որոշում կայացվեց գնել գյումրեցի մեկ պրոֆեսիոնալ նկարչի մեկ աշխատանք և մեկ երեխայի աշխատանք՝ առաջինի համար վճարելով 400 հազար դրամ, որի 50 տոկոսը, համաձայն պարոն Դավթյանի և նկարչի միջև կայացած պայմանավորվածության, պետք է որպես նվիրաբերություն փոխանցվեր «Իմ տունը» հիմնադրամին, և մեկ երեխայի աշխատանք՝ 100 հազար դրամ փոխանցելով երեխայի անունով բացված հաշվեհամարին։ Նկարներն ընտրվել են փորձագետների հետ խորհրդակցելով՝ պարոն Դավթյանի կողմից ուղարկված տարբերակներից։

Պայմանագիրը կազմելիս, սակայն, պարոն Դավթյանը պնդեց, որ երեխայի նկարի գումարը նույնպես փոխանցվի իր հիմնադրամի հաշվեհամարին, ինչն անընդունելի է «Իմ քայլը» հիմնադրամի համար։ Հիմնադրամը պատրաստ է ձեռք բերել երեխայի նկարը՝ պայմանով, որ գումարը փոխանցվի երեխայի անունով բացված հաշվեհամարին, ինչը նաև երեխայի ծնողների կամքն է։

Պրն․ Դավթյանին է ուղարկվել եռակողմ պայմանագիր ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության։Հիմնադրամի աշխատակազմը պատրաստ է կրկին հանդիպել պարոն Դավթյանի հետ։ Ավելին, քանիցս զանգել, հանդիպել, հորդորել ենք դադարեցնել հացադուլը։ Հիմնադրամը կշարունակի ջանքեր գործադրել պարոն Դավթյանին նման քայլից հետ պահելու համար»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть