Խորենացի և Մաշտոց փողոցները «չսրբացան», «սուրբ» կանվանվի միայն Գրիգոր Լուսավորչինը - RadioVan.fm

Онлайн

Խորենացի և Մաշտոց փողոցները «չսրբացան», «սուրբ» կանվանվի միայն Գրիգոր Լուսավորչինը

2019-05-22 14:19 , Общество, 1221

Խորենացի և Մաշտոց փողոցները «չսրբացան», «սուրբ» կանվանվի միայն Գրիգոր Լուսավորչինը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի անվան փողոցն այսուհետ կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց․ Երևանի ավագանին այսօր կայացած նիստում ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հեղնակած նախագծին:

«Գրիգոր Լուսավորիչը եղել է եկեղեցական, քաղաքական գործիչ, 302 թվականից Հայոց եպիսկոպոսապետ։ Նա դեռևս 287 թվականին գալով Մեծ Հայք կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում։ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ 287 թ-ին Մեծ Հայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ-ն սկզբում հալածեց քրիստոնյաներին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորչին նետեց Արտաշատ քաղաքի Խոր Վիրապ կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայաստանի նկատմամբ Հռոմը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնյանների հալածանքները։ Քրիստոնեությունը, որը I-III դարերին Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր Հայաստանում, 3-րդ դարի վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ 301-ին քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։ Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու հոգևոր Հայրերի կողմից դասվել է ավագ սրբերի կարգին, այնուհետև դասվել համաքրիստոնեական սրբերի շարքին: Յուրաքանչյուր քաղաքի փողոցի անվանումն իր մեջ ներառում է պետության և մշակույթի հետ կապված կարևոր տեղեկատվություն։ Այն ներկայացնում է քաղաքի և շրջակայքի պատմությունը, տարածաշրջանի բնական-աշխարհագրական պայմանները, կրոնի, հավատքի կամ գաղափարական համոզմունքների, քաղաքային բնակչության սոցիալական առանձնահատկությունների և այլնի մասին։ Բացի այդ, դրանք իրենց ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող են ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայումս չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով։ Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները, այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը:

Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում եմ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց»,-այսպես էր նախագծի հեղինակը հիմնավորել առաջակի ընդունման անհրաժեշտությունը։

Թեհմինա Վարդանյանի մյուս նախագծերը՝ «սուրբ» բառը ավելացնել նաև Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներին՝ Երևանի ավագանին բուռն քննարկումների արդյուքում մերժել է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть