Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կազմում 7-րդ համարի մարզաշապիկով հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին․այդ մասին պաշտոնապես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար, հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:
"We're very disappointed to announce that @HenrikhMkh will not be travelling with the squad for our #UELfinal against Chelsea."
Full statement
— Arsenal FC (@Arsenal) May 21, 2019
Հայազգի ֆուտբոլիսն արձագանքելով փաստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով բոլոր տարբերակները մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, և պետք է խոստովանեմ, որ ինձ մեծ ցավ է պատճառում այն բաց թողնելը: Ես կերկրպագեմ թիմակիցներիս: Բերեք այն տուն»։
Ավելի վաղ, նշենք, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել էր ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա։
Այսօր էլ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թագիզադեհն էր պատրաստակամություն հայտնել անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը։
Նշենք՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին․ «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:
«Արսենալ»-ի երկրպագուները օրեր առաջ հայտարարել էին ուշագրավ առաջարկի մասին․ եթե ակումբը Բաքու մեկնի առանց Հենրիխ Մխիթարյանի, ապա 6000 երկրպագու կպատրաստի և կկրի Մխիթարյանի պատկերով դիմակներ, ինպես նաև խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին միասին ոտքի կկանգնեն։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը