ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1996թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մայիսի 3-ին Երևանի բնակիչ անչափահասը, ծնողի ներկայությամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի անհայտ օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ և իր հետ ունենալ սեռական հարաբերություններ՝ տեղյակ լինելով իր անչափահաս լինելու հանգամանքի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երիտասարդը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում քողարկված անուններով գրանցել է երկու էջեր և դրանց միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:
Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 14 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Հիշյալ լուսանկարներն ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն աղջկանից պահանջել է նաև կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այդ ամենը տեսանկարել և տեսանյութն ուղարկել իրեն՝ սպառնալով հիշյալ պահանջները չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա ծնողներին և հարազատներին՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ և կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,-մասնավորապես ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: