Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի «զոհը» դարձած ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ։
«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Նրան հնարավորինս պիտի պաշտպանեմ չարից»,-գրել է Փայլանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև Արթուրի հետ հանդիպումից լուսանկար։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային, քարոզչական բնույթ ունեցող հեռուստաշոուի ժամանակ 13-ամյա հայ պատանուն համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Արթուրը նաև անվանափոխ էր եղել՝ ընդունելով թուրքական «Նիհաթ» անունը։ Արթուրի մայրը, մինչդեռ, «Էրմենիհաբեր»-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և գնում է հայկական եկեղեցի ու, որ իր որդուն մոլորեցրել են։
Դեպքից հետո Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարեց, որ պաշտոնական բողոք է հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող Հափիթօղլուի հաղորդման։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը