Онлайн

Տրանսպորտի թանկացման մասին պնդումները քաղաքապետարանն անլուրջ խոսակցություններ է համարում

2017-09-13 17:24 , Общество, 145

Տրանսպորտի թանկացման մասին պնդումները քաղաքապետարանն անլուրջ խոսակցություններ է համարում

Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն է տարածել, որով արձագանքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակմանն, ըստ որի «Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է»: Թերթը նաև հավելում է, որ «այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից: Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը»:

Երեւանի քաղաքապետարանն, ահա, տարածած հաղորդագրությունում նշում է.

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։

Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներակայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին։ Ըստ այդմ, հորդորու՛մ ենք աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։

Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։ Աշխատանքային խմբի առաջիկա նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, որի ընթացքին շահագրգիռ կողմերը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ` հղումով»:

Лента

Рекомендуем посмотреть