Онлайн

Սեպտեմբերը` օրգանական ամիս

2017-09-11 17:36 , Общество, 84

Սեպտեմբերը` օրգանական ամիս

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:

Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է այս ուղղության կարևորությունը ոլորտի զարգացման համար:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես, հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաև սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլև դրական ազդեցություն է ունենում մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը», - ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան և լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:

Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը և հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:

Շեշտելով, որ ՕԳԱՆ ծրագիրը մշտապես գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս ճյուղի հետագա զարգացմանը:

Միջոցառման ընթացքում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսել է բոլորին տեղեկացված լինել թարմացվող իրադարձությունների մասին, ինչը կօգնի ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը, ինչպես նաև պարզել, թե որտեղ կարող են ձեռք բերել օրգանական արտադրանք:

Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիությունը կարևորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս՝ նշելով բազմաթիվ պատճառներ, այդ թվում` սպառողների առողջությունը, բնապահպանական հետևանքները և արտադրողների ֆինանսական կայունությունը: «ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաև առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ», - նշել է Եվրամիության դեսպանը:

««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ www.dasaran.am կայքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Բացի այդ, հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Лента

Рекомендуем посмотреть