«Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ չափազանցություն է». փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

«Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ չափազանցություն է». փոխնախարար

2017-08-17 17:40 , Общество, 1103

«Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ չափազանցություն է». փոխնախարար

Պատրա՞ստ էր արդյոք կառավարությունը վերջին օրերին հանրապետության անտառներում բռնկված լայնամասշտաբ հրդեհների դեմ պայքարին. այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների այս հարցին` ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն ասել է, որ ԱԻՆ-ը իր ռեսուրսներով առավելագույնն է արել, թեև տեխնիկան բավարար չի եղել: Փոխնախարարը, միաժամանակ ընդգծել է, որ այդ կարգի հրդեհների դեմ անգամ ամենամեծ ու զարգացած երկրները դժվարություններ ունենում են. «Հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ»-ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ թեև Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը վերջին տարիներին թարմացվել է, այդուհանդերձ, անտառային հրդեհների մարման համար նախատեսված մեքնաների կարիքը դեռ կա: Թե ինչու այն չի լրացվում՝ Կարապետյանը մատնանշում է ֆինանսական անբավարար ռեսուրսները: Իսկ հարցին՝ թե ինչու՞ հենց հրդեհի առաջին օրը Ռուսաստանից օգնության չկանչվեց հրդեհաշիջող «Իլ-76» օդանավը՝ փոխնախարարը պարզաբանել է, որ հրդեհի բռնկման օրը՝ օգոստոսի 12-ին, հրդեհի ծավալները մեծ չեն եղել և նախարարությունը լիահույս է եղել, որ այն սեփական ուժերով կարող է չեզոքացնել: Սակայն քամին արագացրել է հրդեհի տարածումը, ինչից հետո որոշում է կայացվել ՌԴ գործընկերներից օգնություն խնդրելու:

«Ռուսական ինքնաթիռը բավական արդյունավետ և օգտակար գործունեություն կատարեց ու կատարում է, բայց ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ դա չափազանցություն է: Այստեղ դերակատարություն են ունեցել և՛ ինքնաթիռը, և՛ ցամաքային ճանապարհով 100-ավոր աշխատողները»,-ասել է Կարապետյանը, ում դիտարկամամբ՝ ասել, որ ձեռք բերենք մի ինքնաթիռ, և բոլոր ռիսկերը նվազեցված են, ոչ պրոֆեսիոնալ կլինի:

Ինչ վերաբերում է հրդեհների մարման առնչությամբ հանրության կողմից հնչեցված քննդատություններին՝ պաշտոնյան այն կապում է փրկարարների բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով պայմանավորված՝ կառույցի նկատմամբ վերջին տարիներին ձևավորված սպասումների հետ. «Առաջացել էին հանրային սպասումներ, առ այն, որ այսպիսի հրդեհներեն էլ ևս հնարավոր է շատ արագ, ժամերի ճշգրտությամբ չեզոքացնել»,-նշել է նա:

Փոխնախարարը վստահեցրել է՝ այս հրդեհներով պայմանավորված՝ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունները զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Վայոց ձորում օգոստոսի 10-ին բռնկված ու 5 օր շարունակված հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին, այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Մանր օջախների մարման աշխատանքները շարունակվում են:

Лента

Рекомендуем посмотреть