Онлайн

Կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

2017-08-10 19:41 , Право, 233

Կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։

34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան մասին ահազանգն ստացվել է 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից։ Արձանագրելով կնոջ կենսաբանական մահը՝ փորձագետները զննությամբ կնոջ դիակի վրա հայտնաբերել էին բռնության հետքեր։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսանում սուր սրտանոթային անբավարարությունը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կնոջ վրա մարմնական վնասվածքների առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնու հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը պարբերաբար ենթարկվել է բռնության ամուսնու կողմից։ Հերթական բռնությունը գործադրվել է 2017 թվականի հուլիսի 16-ին՝ իրենց բնակարանում, որից հետո կինը բնակության է տեղափոխվել իր հայրական տուն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Рекомендуем посмотреть