«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Փաշինյանը հիշեցրել է սպասվելիք հանրահավաքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Փաշինյանը հիշեցրել է սպասվելիք հանրահավաքի մասին

2018-08-14 18:59 , Политика, 1769

«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Փաշինյանը հիշեցրել է սպասվելիք հանրահավաքի մասին

Այսօր, երբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում և Գլխավոր դատախազության շենքի առջև՝ ընդդիմանալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման դեմ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետևորդներին դիմեց ֆեյսբուքյան տեսաուղերձով՝ նշելով, որ «բոլոր հարցերի պատասխանները՝ օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում»:

«Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության»,-սոց․ կայքի ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և չկա ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կանգնեցնել ժողովրդի հեղափոխության ճանապարհը։

«Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարաքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով:

«Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպանններ, այլ ուզում ենք տեղափոխել պետական բյուջե: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացած ամեն մի լուման, ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-ասաց վարչապետը՝ բոլորին հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին կայանալիք հանրահավաքին։

Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց օգոստոսի 1-ին։ Վարչապետը տեղեկացրեց, որ հանրահավաքի առիթը իր վարչապետության 100 օրվա բոլորումն է։ Նշվեց նաև, որ հենց այդ օրը նա ցանկանում է շփվել, խոսել ժողովրդի հետ երեկվա, այսօրվա Հայաստանի մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть