Պատմամշակութային տարբեր հուշարձանների տարածքներում այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ նշելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում:
Տեղեկացվում է, որ շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը 20. 30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ:
Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է: