Դժբախտ պատահար՝ Ազատի կիրճում շինաշխատանքների ընթացքում. մեկ անձ մահացել է - RadioVan.fm

Онлайн

Դժբախտ պատահար՝ Ազատի կիրճում շինաշխատանքների ընթացքում. մեկ անձ մահացել է

2017-08-09 14:51 , Общество, 1156

Դժբախտ պատահար՝ Ազատի կիրճում շինաշխատանքների ընթացքում. մեկ անձ մահացել է

Ազատի կիրճում, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքների ժամանակ նախօրեին տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի երիտասարդ բնակիչ Լ. Ս-ն: Այդ մասին տեղեկացնում է դեպքի վայր մեկնած ԷկոԼուրի նկարահանող խումբը: «Ականատեսների վկայությամբ՝ Լ. Ս-ն խողովակաշարի վրա իրականացնելիս է եղել էլեկտրաեռակցման աշխատանքներ, երբ էքսկավատորի կովշը, չենթարկվելով կարգավորումներին, ընկել է նրա վրա և ծանր վնասվածքներ հասցրել: Լ. Ս-ին Գառնիի շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ էլ վիրահատարանում նա մահացել է»,-նշում են ԷկոԼուրից:

Կազմակերպությունն անհրաժեշտ է համարում, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը դժբախտ դեպքի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին Քաղցրաշենի ծրագրի աշխատանքի պայմանների անհամապատասխանության վերաբերյալ ակտ կազմի, քանի որ, ընդգծում են, սա ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 244 հոդվածով սահմանված պահանջի, այն է՝ «Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը», կոպիտ խախտում է, որը հանգեցրել է մահվան ելքի:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրականացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: Համակարգի կառուցմամբ նախատեսվում է ինքնահոս ջրով ապահովել Արարատի մարզի 12 համայնքների /Քաղցրաշեն, Նարեկ, Գետազատ, Դեղձուտ, Այգեստան, Նորաշեն, Բերդիկ, Ն. Դվին, Վ. Դվին, Հնաբերդ, Վարդաշեն, Մրգանուշ/: Կանխատեսվում է, որ այս համակարգի սպասարկման տարածքում ոռոգվող հողերի ներուժը 854-հա-ից կհասնի 1232-ի` ոռոգելի դարձնելով ևս 378հա: Գառնեցիները բազմիցս հանդես են եկել բողոքի ակցիաներով՝ դեմ գնալով այդ «հակաբնապահպանական և հակասոցիալական» նախագծին, ինչի արդյունքում, ըստ նրանց, նախևառաջ Գառնի գյուղը մնալու է առանց ջրի:

Лента

Рекомендуем посмотреть