Մայրաքաղաքի պատմամշակութային շենքերի վրա գովազդ կտեղադրվի բացառապես սահմանված վայրում - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի պատմամշակութային շենքերի վրա գովազդ կտեղադրվի բացառապես սահմանված վայրում

2017-08-09 13:51 , Общество, 1196

Մայրաքաղաքի պատմամշակութային շենքերի վրա գովազդ կտեղադրվի բացառապես սահմանված վայրում

Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող թվով 60 շենքեր շուտով կունենան իրենց գովազդային անձնագրերը: Դրանցում, յուրաքանչյուր շենքի համար առանձին, ներառված են լինելու գովազդի տեղադրման թույլատրելի վայրերը, գովազդի չափը, տեսակը, պատրաստման նյութերը, որին անվերապահորեն պետք է հետևեն այդ շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Նպատակն այն է, որ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադիրով չխաթարի շենքի ճարտարապետական ամբողջական տեսքն ու ընկալումը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր հրավիրված հանդիպում-քննարկմանը մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված գովազդային անձնագրերը: Քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքերից մասնավորապես Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների այդ կարգի շենքերի տնտեսվարողները: Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, հատկանշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման այս խոշոր ծրագրի իրագործման շնորհիվ շենքերի վրա գովազդների տեղադրումը կլինի կանոնակարգված՝ գովազդային անձնագրերին համապատասխան:

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գովազդային դաշտի արդիականացման աշխատանքները մենք սկսեցինք դեռ մի քանի տարի առաջ, երբ փոքր կենտրոնից ապամոնտաժվեցին գովազդային մեծ վահանակները՝ դրանք փոխարինելով առավել փոքր տարբերակներով: Այդուհետ շարունակել ենք մայրաքաղաքի գովազդային դաշտի կանոնակարգման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ գովազդը քաղաքի արտաքին տեսքի անբաժանելի մասնիկն է ու մեր խնդիրն է այն դարձնել Երևանի ընդհանուր ձևավորմանն ու ոճին առավել համահունչ: Եվ այդ համատեքստում այժմ մշակել ենք պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա գովազդների տեղադրման գովազդային անձնագրեր, ինչն ավելի ներկայանալի կդարձնի քաղաքն ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Վստահ եմ, որ այս մոտեցումը կդառնա օրինակելի ու հետագայում նույն սկզբունքը կտարածվի նաև մայրաքաղաքի մյուս շենքերի վրա», - նշել է Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշում են, որ քննարկումները կշարունակվեն մինչև օգոստոսի 20-ը՝ ներառելով պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերը, որից հետո տնտեսվարողներին կտրվի 20-օրյա ժամկետ՝ գովազդները անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть