«Վերջին օրերի իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրովը՝ ձերբակալությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Վերջին օրերի իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրովը՝ ձերբակալությունների մասին

2018-08-01 13:54 , Политика, 1410

«Վերջին օրերի իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրովը՝ ձերբակալությունների մասին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների` նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից հրաժարվելու վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարություններին։ Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները» մի անանուն լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանում, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում, նշվում է, որ երբ Հայաստանում այս տարվա մայիսին քաղաքական ճգնաժամ էր, իրենք մեծ գոհունակությամբ նշում էին, որ ի վերջո այդ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում։

«Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, այսուհետ ևս կառաջնորդվեն համախմբող մոտեցումներով և կամրապնդեն ազգային միասնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խաթարում են այս դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով»,-ասվում է Սերգեյ Լավրովի պատասխանում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը միաժամանակ ընդգծում է՝ Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով՝ այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող իրենց չմտահոգել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն գործունեության տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը։

Լավրովը նաև հույս է հայտնում, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը կառուցողական լուծում կստանա․ «Վերջին օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր այս մտահոգությունները Հայաստանի իշխանություններին։ Ակնկալում ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կգնա կառուցողական ճանապարհով»։

Նշենք, որ «Իմ քայլը» շարժաման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ինչպես ապրիլ-մայիսյան հանրահավաքներին, այնպես էլ վարչապետության ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում փակված է ատելության էջը ու, որ վենդետաներ չեն լինելու, բայց և ընդգծվել է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար։

Այդուհանդերձ, «Մարտի 1-»-ի գործով 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ուրբաթ օրը՝ գիշերն անց, կալանավորվեց։

«Մարտի 1-»-ի գործով որպես մեղադրյալ է անցնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը։ Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Հայաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին հայտնեց, որ նախաձեռնել է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։

Նույն գործով հետախուզվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть