Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է

2018-07-31 14:20 , Мир, 2065

Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է

Վրաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի՝ մարիխունայի օգտագործման համար վարչական տուգանքի չեղարկման վերաբերյալ հայցը։

Ըստ այդմ՝ երկրում մարիխուանայի օգտագործումը օրինական է ճանաչվել։

Հայցվորների հիմնավորմամբ՝ մարիխուանայի օգտագործումը չի սպառնում հանրային շահին, իսկ մարիխուանա օգտագործողներին միայն բարոյական փաստարկներից ելնելով պատժելը հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, և, համապատասխանաբար, հակասում է Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին:

Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արձանագրել է՝ «Մարիխուանայի օգտագործումը անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է»։

«interfax.ru»-ի փոխանցմամբ՝ որոշման մեջ միաժամանակ նշվում է, որ Վրաստանում մարիխուանայի օգտագործումը պատժելի է միայն այն դեպքում, եթե վտանգ է պարունակում երրորդ անձի համար։ Դա վերաբերում է ուսհաստատություններում, տրանսպորտում և մարդկանց կուտակումների վայրերում օգտագործելուն։

Միաժամանակ շարունակում է ուժի մեջ մնալ մարիխուանայի աճեցման և տարածման համար քրեական պատիժը:

Հիշեցնենք՝ քաղաքացի Գիվի Շանիձեն՝ մարիխուանայի օրինականացման համար պայքարող «Գիրչի» կուսակության օգնությամբ ավելի վաղ մարիխուանա կիրառելու ապաքրեականացմանը վերաբերող բողոքի հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցի հիման վրա ՍԴ-ն 2017-ի նոյեմբերի 30-ին թեև հակասահմանադրական էր ճանաչել մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության ենթարելու պրակտիկան, այդուահնդերձ, դա չէր նշանակում, որ մարիխուանայի օգտագործումն այդ երկրում օրինական է, այն օգտագործողները վարչական պատասխանատվության էին ենթարկվում: «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն «Վրացական ալիք» լրատվականի հետ զրույցում ասել էր, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել մարիխուանա օգտագործելու համար քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նորմը: Կուսակցության ղեկավարը շեշտել էր, որ եթե մարդը իրավունք ունի հանգստանալու համար նաև մարիխուանա օգտագործել, ապա նա պետք է նաև օրինական ճանապարհ ունենա այն ձեռք բերելու համար:

Վերջինիս պնդմամբ՝ մարիխուանայի օրինականացումը դրականորեն կազդի առողջապահական ոլորտի վրա: Վրաստանում որոշ թմրանյութեր՝ ինչպիսիք են, օրինակ, նիկոտինը, ալկոհոլը կամ կոֆեինը՝ օրինական են, մինչդեռ, նկատել էր Ջափարիձեն՝ դրանց օգտագործումը ավելի վնասակար է քան մարիխուանան:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть