Հայ ուսանողները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում - RadioVan.fm

Онлайн

Հայ ուսանողները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

2017-08-08 15:56 , Общество, 1294

Հայ ուսանողները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը:

ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Երևանի պետական համալսարանը ներկայացված է եղել 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անց է կացվել և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է պատվավոր 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:

Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:

Лента

Рекомендуем посмотреть