Էնտերովիրուսներով վարակվելու վտանգը մեծ է. կոչ հանգստի մեկնողներին - RadioVan.fm

Онлайн

Էնտերովիրուսներով վարակվելու վտանգը մեծ է. կոչ հանգստի մեկնողներին

2017-08-08 15:53 , Медицина, здоровье, 2158

Էնտերովիրուսներով վարակվելու վտանգը մեծ է.  կոչ հանգստի մեկնողներին

Հայաստանում էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) աշխուժացում դիտվել է: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեև ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը մեր երկրում կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր, այդուհանդերձ, հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում նշված վիրուսով պայմանավորված համաճարակային լարված իրավիճակը շարունակվում է:

Ուստի՝ էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝

- Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:

  • Մեկնելու դեպքում՝
  • Լողալ միայն թույլատրված վայրերում,
  • Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,
  • Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում,
  • Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:

Հանգստից վերադարձողներինխորհուրդ է տրվում`

- Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

- Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ:

Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին: Էնտերովիրուսներն առանձնահատուկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային), օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:

Лента

Рекомендуем посмотреть