«Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»․ Ռոբերտ Աբաջյանի մասին այս արտահայտությունն արած Կարպիս Փաշոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

«Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»․ Ռոբերտ Աբաջյանի մասին այս արտահայտությունն արած Կարպիս Փաշոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

2018-07-17 15:52 , Политика, 1755

«Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»․ Ռոբերտ Աբաջյանի մասին այս արտահայտությունն արած Կարպիս Փաշոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Պատճառը օրեր առաջ «ՍիվիլՆեթ» լրատվական կայքին տված հարցազրույցում հնչեցրած դիտարկումն է, որն այս օրերին ֆեյսբուքյան տիրույթում բացասական արձագանքի է արժանացել։

Մասնավորապես, հարցազրուցավարի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում որոշ շինությունների պատերին ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանը պատասխանել է. «Փողոցային արվեստից դա էական շեղում է․․․փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երևանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: ․․․Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա, չարժե նրա անունն այդքան շահարկել»:

Ֆեյսբուքյան օգտատերերի քննարդատություններից զատ՝ Կարպիս Փաշոյանի հնչեցրած մտքերին արձագանքել են նաև Արցախում։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը թեմայի շուրջ «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նշել է, թե «անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի»։

ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն էլ, իր հերթին, ֆեյբուքյան էջում կատարած գրառմամբ նկատել է, որ «գերատեսչությունների մամուլի պատասխանատուների համար հանիրավի խոսելու գայթակղությունը վտանգավոր է... մանավանդ, երբ ասելիքը պահանջված չէ, կամ պահանջված է անհասկանալի հետաքրքրություններ բավարարելու անհրաժեշտությամբ..․»։ «Այս դեպքում խոսքը վերաբերում է նրան, ով մանկական դեմքի միամիտ արտահայտությամբ խոսում է մանկական դեմքով, բայց հասուն գիտակցությամբ հերոս հայորդու՝ Ռոբերտ Աբաջյանի մասին»,-ընդգծել էր ՊԲ մամլո խոսնակը:

Առաջին փոխավարչապետի մամուլի խոսնակը, մինչդեռ, մեկ այլ գրառմամբ պարզաբանել է իր միտքը, որը, ըստ նրա, սխալ է հասկացվել։

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի,արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է»,-գրառել է նա:

Ինչևէ, իրողությունն այն է, որ Փաշոյանը ազատման դիմում է գրել է, և ինչպես նշել է՝ «արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Հավելենք, որ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից շատերը Կարպիս Փաշոյանին դիմում են խնդրանքով՝ հետ վերցնել դիմումը, իսկ ՀՀ առաջին փոխվարչապետին էլ հորդորում են չստորագրել այն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть