Գազայրիչով վառել է քաղաքացու մարմնի տարբեր մասերը․ հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդու հանցանքների հետքերով նոր գործ է քննվում - RadioVan.fm

Онлайн

Գազայրիչով վառել է քաղաքացու մարմնի տարբեր մասերը․ հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդու հանցանքների հետքերով նոր գործ է քննվում

2018-07-17 14:15 , Право, 1784

Գազայրիչով վառել է քաղաքացու մարմնի տարբեր մասերը․ հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդու հանցանքների հետքերով նոր գործ է քննվում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։

Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Խոսքը Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը վարձակալելուն և այնտեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն է վերաբերել:

«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող <<Սկանյա>> բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել»,-այդ մասին նախօրեին տեղեկացրել էին ոստիկանությունից՝ նշելով, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նկատի ունենալով, որ վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր պահելու, ինչպես նաև՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները հափշտակելու մեջ։

Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակում կասկածվում է տարիներ առաջ Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանին սպանելու փորձի մեջ։ Հայկ Սարգսյանն այժմ ազատության մեջ է՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть