Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն այսօր չկայացավ - RadioVan.fm

Онлайн

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն այսօր չկայացավ

2018-07-16 15:34 , Политика, 1459

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն այսօր չկայացավ

Այսօր նախանշված Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չի կայացել՝ ավագանու անդամներից շատերը՝ 65-ից 60-ը, բացակայել են դահլիճից։

Երևանի ավագանու նիստի սկզբում նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին (Երևանի ավագանին ունի 65 անդամ): Սակայն այդ պահի դրությամբ նիստին ներկա են եղել ավագանու միայն հինգ անդամներ` «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը, և քվորում չի ապահովվել: Հետևաբար, նիստն իրավազոր չի համարվել և, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը վարող Կամո Արեյանը հայտարարել է 30 րոպե տևողությամբ ընդմիջում:

Ընդմիջումից հետո նույնպես քվորում չի ապահովվել, որից հետո, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը համարվել է չկայացած:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը 2011թ. նոյեմբերի 15-ից զբաղեցրած Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հանդես եկավ այդ պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությամբ։ Որից հետո, ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանվեց հուլիսի 16-ը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները, սակայն քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրեց միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունը՝ ի դեմ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի։

Եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ՝ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть