«Ջիվանու բառը լույս է պղծության և սրբության ճակատամարտում»․ Կարզախում տոնել են մեծն աշուղի օրը - RadioVan.fm

Онлайн

«Ջիվանու բառը լույս է պղծության և սրբության ճակատամարտում»․ Կարզախում տոնել են մեծն աշուղի օրը  

2018-07-09 19:30 , Культура, Шоу бизнес, 2812

«Ջիվանու բառը լույս է պղծության և սրբության ճակատամարտում»․ Կարզախում տոնել են մեծն աշուղի օրը

Շրթներին Ջիվանու խոսքը, հոգիներում նրա խորհուրդը, իսկ աչքերում փայլն ու հույսը, որ, ինչպես իրենց սիրելի աշուղն է ասել, ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան․ հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղը լցված էր Ջիվանու շնչով, ուր մեծ շուքով 100-ավոր հյուրերի ներկայությամբ նշվեց ջավախահայերի ամենասպասված ու սիրելի տոներից մեկը՝ հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ Ջիվանու օրը:

Սուրբ պատարագ, ուխտավորների օրհնություն, տոնական միջոցառում՝ համեմված ժողովրդական երգ ու պարով, այցելություն աշուղի տուն-թանգարան և ավանդույթ դարձած հյուրասիրություն։

Ներկաներին համախմբել և աշուղ Ջիվանու ծննդավայր էր բերել նրա լույսը, որը յուրաքանչյուրի հոգում վառել էր մարդասիրության և ջերմության կրակը։ Ջիվանուն պատվելու էին եկել մարդիկ, ովքեր արդեն բազմաթիվ տարիներ հոգու կանչով այդ օրը ներկա են գտնվում մեծն աշուղի մեծարման ցերեկույթին․ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երախտավորներից մեկը` բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան, «Ջավախք» հայրենակցական միության Հրազդանի մասնաճյուղի ղեկավար Վաղինակ Հարությունյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հարություն Հովնաթան։

«Եթե իրական հայելու մեջ մարմինն ես տեսնում, ապա Ջիվանու բառը հոգու հայելին է, այն լույս է պղծության և սրբության ճակատամարտում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նկատեց Հարություն Հովնաթանը․

Հայաստանյան հեղափոխության ալիքը իր անդրադարձն էր գտել նաև Կարզախում անցակցվող Ջիվանու օրվա տոնակատարությանը․ Ջավախքի այդ պարզ ու հյուրընկալ գյուղում առաջին անգամ մեծ փիլիսոփայի ու բարոյագետի տոնին ներկա էին Սամցխե-Ջավախքի մարզպետ Կախա Սամխարաձեն և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։ Ջավախք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո հայ-վրացական տարիներ շարունակ գոյություն ունեցող կեղծ օրակարգը փոխարինվել է իրական օրակարգով՝ մեզ հետ զրույցում ընդգծեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ում կյանքում ևս Ջիվանու երկերը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում․

Ժողովրդի զգացմունքների և հույզերի թարգման մեծն Ջիվանին Կարզախ էր բերել նաև արմատներով կարզախեցի, սակայն երկար տարիներ Գերմանիայի Մյունխեն քաղաքում ապրող և ստեղծագործող Անուշ Չախալյանին, որի ղեկավարած պարային համույթը՝ «Անուշ» պարախումբն էլ ելույթ ունեցավ տոնական միջոցառմանը․

Դե իսկ տոնը առանձնահատուկ նշանակություն ունի յուրաքանչյուր կարզախեցու համար՝ մեծից փոքր։ Կարզախում ծնվելը նրանք պատասխանատվություն եմ համարում՝ խոստովանելով, որ մեծն աշուղի հայրենասիրություն, ընկերասիրություն, ազնվություն, հավատարմություն, անձնազոհություն, ծնողասիրություն, որդեսիրություն քարոզող երկերը մեծ դեր են ունենում իրենց դաստիարակման գործում․

Հավելենք, որ այս տարի «Ջիվանու օր» միջոցառումը կազմակերպվել է Ախալքալաքի տեղական իշխանությունների և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ: Հայաստանից բազմաթիվ հյուրերի տեղափոխմանն աջակցել է «Ջավախք» հայրենակցական միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть