«Վաղուց այսքան Մինաս միանգամից մի տեղում չէի տեսել»․ Մինաս Ավետիսյանի աշխատանքների հոբելյանական ցուցադրությունը բացված է - RadioVan.fm

Онлайн

«Վաղուց այսքան Մինաս միանգամից մի տեղում չէի տեսել»․ Մինաս Ավետիսյանի աշխատանքների հոբելյանական ցուցադրությունը բացված է  

2018-06-28 18:43 , Культура, Шоу бизнес, 4004

«Վաղուց այսքան Մինաս միանգամից մի տեղում չէի տեսել»․ Մինաս Ավետիսյանի աշխատանքների հոբելյանական ցուցադրությունը բացված է

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք։ Ինչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր»․ հայ կերպարվեստի անվանի ներկայացուցիչ, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին տրված սարոյանական այս բնորոշումը գեղանկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրության անկյունաքարն է դարձել։

«Մինաս. Հին ու բոլորովին նոր»՝ այս խորագրի ներքո Հայաստանի ազգային պատկերասրահում նախօրեին բացված ցուցահանդեսում Մինաս Ավետիսյանը ներկայանում է գունապնակի բոլոր երանգներն արտացոլող աշխատանքներով՝ արվեստասերներին բացահայտվելով գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գեղանկար, գրաֆիկական աշխատանքներ, որմնանկարչություն, դիմանկարներ, կինոյի և բեմական ձևավորումներ։

Ցուցահանդեսի համադրող Հայկուհի Սահակյանի խոսքով՝ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել նկարչի գործունեության տարբեր կողմերը:

«Վաղուց այսքան Մինաս միանգամից մի տեղում չէի տեսել»,-ոգևորությունը մեծ էր նկարչի որդու՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանի մոտ, ում խոսքով այս ցուցահանդեսը շատ կարևոր է մեր հանրության համար, ով երկար ժամանակ չէր տեսել Մինասի աշխատանքները։

Ներկաների տպավորությունները ցուցահանդեսից՝ աուդիոնյութում։

Գունային կտրուկ հակադրություններով, բայցև՝ ցուցասրահներից հորդող մինասյան տաք ու ջերմ գույների շունչը զուգորդվում է նաև ինտերակտիվ ցուցադրությամբ․ այցելուները տեղադրված էկրանների միջոցով կարող են նշանավոր գեղանկարչի մասին կարդալ, դիտել ու տեղեկանալ շատ ավելին։

Զգեստների էսքիզների կողքին միաժամանակ ցուցադրված է Մինասի էսքիզների հիման վրա արված «Գայանե» բալետի բեմադրության զգեստներ, ցուցասրահում տեղ են գտել նաև լատիշ խորհրդային բալետմայստեր Եվգենի Չանգայի տան դռները, որոնց նկարազարդումը ժամանակին վստահվել է գույների արքա Մինասին, ներկայացված են կինոէսքիզներ՝ «Խաթաբալա» ֆիլմի նկարահանման համար արված։

Նշենք, որ Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցադրությանն, ընդհանուր առմամբ, ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և, մեծապես, հայաստանյան մասնավոր հավաքածուներից։

Ցուցահանդեսը բաց է 3 ամիս։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть