Հակավարակային դեղերը՝ միայն դեղատոմսով, մնացյալի մասով որոշման կիրարկումը հետաձգվեց մեկ տարով - RadioVan.fm

Онлайн

Հակավարակային դեղերը՝ միայն դեղատոմսով, մնացյալի մասով որոշման կիրարկումը հետաձգվեց մեկ տարով

2018-06-28 16:11 , Медицина, здоровье, 2162

Հակավարակային դեղերը՝ միայն դեղատոմսով, մնացյալի մասով որոշման կիրարկումը հետաձգվեց մեկ տարով

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

Որոշումն այսօր հաստատվել է կառավարության նիստում:

«Հակավարակային՝ անտիբիոտիկ դեղեր բաց թողնելը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանց նկատմամբ զարգացող կայունության հետևանքները լուրջ մարտահրավեր են առողջապահության համակարգի համար: Մինչդեռ հայտնի է, որ դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում է հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, այդ թվում ինքնաբուժման նպատակով: Ստեղծված իրավիճակն առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացման պատճառ է դառնում, այսինքն՝ երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրության դեղերով, անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներ, պահանջվում է ավելի երկարատև բուժում մեծամասամբ հիվանդանոցային պայմաններում, որոնք և ենթադրում են ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացում»,-ասաց որոշումը գործադիրի անդամներին ներկայացնող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հակավարակային դեղերի վաճառքի առումով հսկողական միջոցառումները ուժեղացվելու են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս մեկ տարին պետք է օգտարգործվի հանրությանը որոշման մասին իրազեկելու նպատակով։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու ասում՝ ոնց: Այսինքն, այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին: Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են» -ասաց վարչապետը՝ կրկին շեշտելով, որ պետք է այս մեկ տարին օգտագործվի հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդիկ համոզվեն, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ և ոչ թե ընդդեմ իրենց:

«Մինչև 2018 թվականի ավարտը կամփոփենք այդ բոլոր դիտողությունների ընդունումը, կմշակվեն, կվերլուծվեն բոլոր ռիսկերը՝ չարաշահումները, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի կառավարությանը»,-վստահեցրեց առողջապահական գերատեսչության ղեկավարը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть