«Դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը»․ «պարտադիրին» դեմ Թանդիլյանը պարզաբանում է պաշտոնում մնալու որոշումը - RadioVan.fm

Онлайн

«Դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը»․ «պարտադիրին» դեմ Թանդիլյանը պարզաբանում է պաշտոնում մնալու որոշումը

2018-06-21 15:38 , Политика, 1407

«Դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը»․ «պարտադիրին» դեմ Թանդիլյանը պարզաբանում է պաշտոնում մնալու որոշումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ում հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով, թե ինչու է իր որոշումից հետ կանգնելու որոշում կայացրել։

Նախարարը հիշեցնում է, որ իր հրաժարականը պայմանավորված է եղել բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ, սակայն հաշվի առնելով, որ դեռևս կա հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ պատրաստ է շարունակել նախարարի պաշտոնում իր գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Թանդիլյանը միաժամանակ տեղեկացնում է, որ հրաժարական տալուց հետո, ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

«Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից»,-նշում է նախարարը։

Հիշեցնենք՝ կառավարությունում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատումից հետո, ըստ որի՝ հուլիսի 1-ից «պարտադիր» բաղադրիչը պարտադիր կդառնա նաև 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված մասնավոր հատվածի բոլոր աշխատողների համար, Մանե Թանդիլյանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть