ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը տրված է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը տրված է

2018-06-20 17:28 , Политика, 1818

ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը տրված է

Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից ելնելով, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Հանձնաժողովը պետք է մշակի և վարչապետին ներկայացնի ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ապահովի հայեցակարգի շուրջ հանրային քննարկումը, վարչապետին ներկայացնի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, ընտրական գործընթացները կարգավորող այլ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը։

հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, քարտուղար՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (համաձայնությամբ)։

Նշենք, որ ԱԺ խմբակցությունները համատեղ հատարարություն են տարածել՝ պատրաստակամություն հայտնելով այդ հարցում կառավարությանն աջակցելու։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձեւավորած աշխատանքային խմբի անդամներն են`

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

Արփինե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյան

Վիգեն Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Բագրատյան

Գեւորգ Պետրոսյան

«Ելք» խմբակցություն

Էդմոն Մարուքյան

Լենա Նազարյան

Գրիգորի Դոխոյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Արմեն Ռուստամյան

Սպարտակ Սեյրանյան

Լուսինե Հովհաննիսյան»,-ասված է ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» համաժողովրդական շարժումը գլխավորած և թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը որպես անցումային կառավարության գերակայություն՝ բարձրաձայնում էր Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխման, ինչպեսև՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման անհրաժեշտության մասին, այնպիսի ընտրությունների, որոնց արդյունքները արժանահավատ կլինեն բոլորի համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть